Նորություններ
Տպել

 

ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան

 Փետրվարի 2-ին «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որը նվիրված էր Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման շուրջ բարձրացված աղմուկին,  դրա պատճառների ու հետևանքների քննարկմանը: 

 Քննարկման ընթացքում թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատմաբան, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:

 Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ նմանատիպ ինֆորմացիա տարածող լրատվամիջոցները համապատասխան լոբբինգ են իրականացնում մեր որոշ հարևանների կողմից: «Ներկայացվող մեղադրանքները ոչ ճիշտ պատմական հիմքերի վրա են դրված: Տարրական պատմական գիտելիքներ են պետք տեսնելու, որ Նժդեհը դատապարտվել է հակախորհրդային գործունեության, այլ ոչ թե նացիզմի կամ ֆաշիզմի հետևորդ լինելու համար: Եվս մեկ փաստարկ. 1942թ-ին ԽՍՀՄ-ն ուներ  Մալինյան ցուցակը, որտեղ Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցող և վերացման ենթակա անձանց անուններն էին գրանցված: Նժդեհի անունը այս ցանկում չկար: Այս մասին ՌԴ-ում լռում են: Ռուսաստանում Նժդեհին նաև համարում են կոլաբորացիոնիստ: Սա նշանակում է, որ մի պետության քաղաքացին, թշնամի պետության հետ համագործակցելով, գործում է իր պետության դեմ: Իսկ Նժդեհը ԽՍՀՄ քաղաքացի չէր և նրա ձերբակալության փաստաթղթի մեջ ֆիքսված է, որ ձերբակալվել է որպես Բուլղարիայի քաղաքացի: Նժդեհը նաև Ռուսական կայսրության կողմից ստացել է 4 շքանշան», - նշեց Մհեր Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` այս ամենը ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն, որ ռուսական հանրության շրջանակում փորձ է կատարվում ներկայացնել դավաճան հայի կերպար՝ ի դեմս Գարեգին Նժդեհի, որը թիկունքից հարվածել է ռուս ժողովրդին. «Եվ այս քողի ներքո ուզում են ցույց տալ, որ տեսեք` Հայաստանից պետք է զգույշ լինել, Հայաստանը խոսում է միշտ, որ Ռուսաստանի դաշնակիցն է, բայց հակառակն է տեղի ունեցել և այլն»:

 Հ. Նահապետյանը նշեց, որ հիմնականում քարոզչական դաշտում, այսպես ասած, թվացյալ ֆաշիզմի և նացիզմի հերոսացման և վերածննդի դեմ պայքարի գործընթացը Ռուսաստանում սկսվել է դեռևս 2016 թվականից:

«Այդ ժամանակ հարցը արծարծողները հիմնականում հասարակական դաշտի ներկայացուցիչներ էին: Հիմա, կարծես թե, խնդիրը քարոզչական դաշտից տեղափոխվում է իրավական դաշտ, դառնում է քաղաքական և աշխարհաքաղաքական, որովհետև այն քննարկում են Պետդումայի պատգամավորներ, հանձնաժողովների նախագահների և կուսակցության նախագահների տեղակալներ: Սա մեկ աստիճան վեր է, քան տեղեկատվական, քարոզչական դաշտը»,-նշեց Նահապետյանը:

 Նա նաև կարևոր համարեց հիշատակել Ֆաշիստական Գերմանիային ծառայություններ մատուցած մի շարք ռուս գործիչների անուններ: «Ֆաշիզմի դեմ պայքարողները նախ պետք է սկսեն իրենց տնից: ԽՍՀՄ-ում եղել են ռուս գործիչներ, ովքեր իրենց ծառայություններն են մատուցել Ֆաշիստական Գերմանիային: Օրինակ Օտաման Կրասնովը, որը  խորհրդային բանակից անցել է ծառայության գերմանական բանակում»,-ընդգծեց Նահապետյանը:

 Արթուր Ղազարյանը իր հերթին նշեց, որ այստեղ հարցը լրիվ քաղաքական է, այսպիսով դժվար է ասել օբյեկտիվ ճշմարտությունը: Նա ընդգծեց, որ այս թեմայի շրջանակներում բավական է հիշել Նժդեհի ծավալած հակաթուրքական և Ռուսաստանի շահերից բխող գործունեությունը Բալկաններում, Առաջին աշխարհամարտի ժամանակ: Քաղաքագետ Ա. Ղազարյանը նմանատիպ խոսակցությունների շահարկումը որոշ չափով կապում է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքման հետ:

 Քննարկման վերջում հնչեցրած հարցին, թե ինչպես կարելի է վերջակետ դնել  նմանատիպ խոսակցություններին, Մհեր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն ինչ սկսվեց համացանցից: Մենք պետք է կրթական բոլոր հարթակներում ներկայացնենք մեր պատմության էջերը, իրականացնենք մեր քաղաքական լոբբինգը: Պետք չէ ներքաշվել այն բանավեճի մեջ, որի մեջ մեզ ցանկանում են ներգրավվել»:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am