Արտավազդ 2-րդ Արտավազդ 2-րդ: Արտաշատի պայմանագրի կնքումից հետո Տիգրան II Մեծը գահակալեց ևս տասը տարի: Նա մահացել է Ք.ա. 55 թ.` 85 տարեկան հասակում: Տիգրան Մեծը թագաժառանգ Արտավազդին թողեց Եփրատից Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից Կուր ձգվող մի ընդարձակածավալ երկիր` զարգացած տնտեսությամբ ու հզոր բանակով: Տիգրան Մեծի կյանքի վերջին շրջանում Արտավազդը եղել է նրա գահակիցը, որն օգնել է պատկառելի տարիք ունեցող հորը կառավարելու երկիրը: Թագաժառանգը փայլուն կրթություն ստացած, բազմակողմանի զարգացած, հունարենին գիտակ մտավորական անձնավորություն էր: Պլուտարքոսը վկայում է, որ նա «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Արտավազդը նաև ճկուն դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և ռազմական գործիչ: Արտավազդ II–ը (Ք.ա. 55–34 թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում: Նրան մեծ հմտություն էր անհրաժեշտ տարածաշրջանի երկու տերությունների՝ Հռոմեական Հանրապետության և Պարթևական թագավորության միջև մրցակցության պայմաններում կողմնորոշվելու համար:

 Նրանցից յուրաքանչյուրը ջանում էր ապահովել Հայաստանի դաշնակցությունը: Այս հանգամանքը խիստ կարևորում էր Մեծ Հայքի դիրքորոշումը: Այդ դիրքորոշումից էր կախված, թե որ տերությունը տիրապետող դիրք կստանար տարածաշրջանում: Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում Արտավազդ II-ն ավելի հաճախհակվում էր դեպի Պարթևստանը: Նման դիվանագիտական ճկուն քայլերով Արտավազդ II-ը պահպանում էր Հայաստանի` տարածաշրջանի հզոր պետության կարգավիճակը:
 Հռոմեա-պարթևական պատերազմը և Հայաստանը: Հռոմում սկսված ներքաղաքական պայքարն ավարտվեց Ք. ա. 60 թ.: Հանրապետության երեք ականավոր գործիչներ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս ԿեսարնՀուլիոս Կեսարու Մարկոս Կրասոսը ստեղծեցին մի դաշինք, որը հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետերը հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և Պարթևստանի դեմ արշավելու հրամանատարությունը:
 Ք.ա. 54 թ. գարնանը հռոմեական 50-հազարանոց բանակը Կրասոսի հրամանատարությամբ ժամանեց Ասորիք: Նա ծրագրել էր ջախջախել պարթևներին, գրավել Միջագետքը, Պարսից ծոցի ափերին գտնվող երկրները և հասնել Հնդկաստան: Այդ պատերազմում Կրասոսը որոշակի հույսեր էր կապում «Հռոմեական ժողովրդի դաշնակից ու բարեկամ» Հայաստանի հետ, որի հեծելազորը բազմիցս էր ապացուցել իր առավելությունները պարթևական այրուձիի դեմ մարտերում: Արտավազդի և Կրասոսի հանդիպումը տեղի ունեցավ Ք.ա. 54 թ. գարնանը Ասորիքում:
 Արտավազդը հավաստիացրեց, թե ինքը Կրասոսին կտրամադրի 16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևակ (ընդամենը` 40 հազար զինվոր): Սա պատկառելի ռազմական օգնություն էր, որն անվիճելի կարող էր դարձնել հռոմեացիների հաղթանակը: Միաժամանակ հայոց արքան առաջարկում էր պարթևների դեմ ռազմերթը կազմակերպել ոչ թե Ասորիքի անապատներով, այլ Հայաստանի հարավային տարածքով: Նման դեպքում լեռնային տարածքը կզրկեր պարթևական հեծելազորին շարժունությունից: Բացի այդ, Արտավազդը, անշուշտ, ցանկանում էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն Կրասոսը կտրականապես մերժեց Արտավազդի այս խելամիտ առաջարկությունը և ընտրեց ռազմերթի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին՝ Հայաստանի սահմանամերձ տարածքների վրայով: Դիոն Կասիոսը պարթևների այդ քայլը բացատրում է հետևյալ կերպ. <<Որպեսզի Արտավազդը` Տիգրանի որդին, որ այդ ժամանակ թագավորում էր Հայաստանում, իր սեփական երկրի վիճակով մտահոգված, որևէ օգնություն չուղարկեր հռոմեացիներին>>: Պարթևների հաշվարկը ճիշտ դուրս եկավ: Արտավազդն այլևս չէր կարող օգնական ուժեր ուղարկել Կրասոսին, ինչի մասին անհապաղ տեղեկացրեց հռոմեացիներին:Սակայն Կրասոսը դա ընկալեց որպես դավաճանություն և հոխորտանքով հայտարարեց, թե պարթևներին ջախջախելուց հետո ինքն անպայման պատժելու է Արտավազդին: Նման վերաբերմունքի պայմաններում, բնականաբար, Արտավազդ II-ը պետք է փոխեր իր քաղաքական ուղղվածությունը և դաշինք առաջարկեր Օրոդես II-ին, որն այն ընդունեց սիրահոժար:Հայ-պարթևական պայմանագիրը կնքվեց Ք.ա. 54 թ. վերջերին Արտաշատում: Դաշինքն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևաց թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:
 Այդ ընթացքում Կրասոսը, չփոխելով մարտավարությունը, Ք.ա. 53 թ. գարնանը, անցնելովԵփրատը, սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան: Պարթևական բանակը, խուսափելովգլխավոր ճակատամարտից, մանր հարձակումներով անընդհատ նահանջում էր դեպի երկրիխորքերը` հռոմեացիներին կտրելով թիկունքից և մատակարարումներից: Չոր, տափաստանայինկլիման, անսովոր շոգերն ու հիվանդությունները բարոյալքել էին հռոմեական զինվորներին: Միակ ճիշտ քայլն անմիջապես դեպի ելման դիրքերը նահանջելն էր:
 Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառան քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ճակատամարտում պարթևզորավար Սուրենը հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեականբանակը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, իսկ գերիներինը` 10 հազարից:Սպանվեցին Կրասոսն ու իր որդին: Ըստ Պլուտարքոսի` Սուրենը Կրասոսի գլուխն ուղարկեց Հայաստան, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվել էր Օրոդես II-ը` պարթև մեծամեծերի ուղեկցությամբ: Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ: Կրասոսի գլուխը բերելու պահին բեմադրվում էր Էվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը: Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի կտրված գլխով և արտասանում. «Լեռան բարձունքից բերում ենք Եղնիկ` խոցված մերփառահեղ հարվածներից»:Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվումհանդիսականների կողմից: «Կրասոսի արշավանքը ողբերգություն էր,- գրում է նշանավորպատմաբան Ն. Ադոնցը,- իսկ այդ տեսարանը` դրա յուրահատուկ ու տրամաբանականվախճանը»:
 Անտոնիոսի արշավանքները: Կրասոսի պարտության հետևանքով Հռոմի դիրքերն Արևելքում հիմնովին սասանվեցին: Կորուստներն այնքան մեծաթիվ էին, որ Հռոմն ի վիճակի չէր վրեժխնդիրլինելու պարթևներից: Մյուս կողմից էլ հանրապետությունը ներքաշվեց ներքաղաքականճգնաժամի մեջ, որը հետին խորք մղեց արտաքին քաղաքական բոլոր հրատապ գործերը:
 Օգտագործելով պատեհ առիթը` պարթևական զինված ուժերը թագաժառանգ Բակուրի հրամանատարությամբ անցան հարձակման և հռոմեացիներին դուրս մղեցին Ասորիքից:Պարթևներին օժանդակում էին հայկական զորամասերը` Վասակ զորավարի գլխավորությամբ:Դաշնակից բանակները հռոմեացիներից ազատեցին Ասորիքը, Փյունիկիան, Պաղեստինը, Հրեաստանը: Կիլիկիան գրավելուց հետո պարթևները ներխուժեցին Փոքր Ասիայի հռոմեականպրովինցիաները:
 Պարթևների այս հաջողությունները ստիպեցին Հռոմի քաղաքական շրջաններին հարթել ներքինճգնաժամը: Ք.ա. 43թ. կազմակերպվեց Երկրորդ եռապետությունը, որը հանրապետությունը բաժանեց ազդեցության ոլորտների: Արևելքը ստացավ Անտոնիոսը:Դեպքերը սկսեցին զարգանալ ոչ ի նպաստ հայերի: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը: Օրոդեսը սպանվեց իր որդու` Հրահատ IV-ի կողմից, որը որդեգրեց շեշտված հակահայկական դիրքորոշում: Սպասվող հռոմեա-պարթևական ռազմական բախման ժամանակ Հայաստանի համար այլևս հնարավոր չէր լինի պահպանել չեզոքություն: Հռոմում մշակված պատերազմի ծրագրերի համաձայն` ռազմական արշավանքն ընդդեմ Պարթևստանի ընթանալու էր Հայաստանի տարածքով:
 Ի վերջո եկավ պատերազմի պահը: Դեպի Պարթևստան մեծ արշավանքինախապատրաստություններ տեսնելուց հետո` Ք.ա. 36 թ., Անտոնիոսն անձամբ ժամանեց Արևելք:Նա իր տրամադրության տակ ուներ 100-հազարանոց բանակ և 300 սայլերի վրա բարձածպաշարողական տեխնիկա:  Ամբողջ այս ուժը կենտրոնացվել էր Կարին գավառում, որտեղից էլսկսվեց արշավանքը: Արտավազդը հռոմեացիներին տրամադրել էր ընդամենը 13-հազարանոց միզորամաս:
 Անվտանգ ու արագ երթով անցնելով Հայաստանի տարածքով` Անտոնիոսը մտավ Ատրպատական և շարժվեց այդ երկրի մայրաքաղաք Փրաասպա: Այդ պահին Անտոնիոսը կատարում էճակատագրական սխալ: Մասնատելով բանակը` նա իր հիմնական ուժերը նետում է Փրաասպայի դեմ: Գումակը բավականին հեռավորությամբ դանդաղ հետևում էր առաջապահ զորամասերին:Ուստի պահապան զորամասը ոչինչ չկարողացավ անել, երբ պարթևները հանկարծակի գրոհով շրջապատեցին գումակը: Պաշարողական մեքենաները ջարդուփշուր արվեցին ու այրվեցին:Հռոմեացիները միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցան 20 հազար սպանված, իսկ նմանպայմաններում մնալ թշնամական երկրում, առանց հաջողության որևէ հույսի, կլիներանմտություն: Ուստի Անտոնիոսը բռնեց հետդարձի ճանապարհը:
 Ավելի վաղ, հրաժարվելով ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց, իրզորամասով Հայաստան էր վերադարձել Արտավազդ II-ը: Հայոց արքայի այս քայլը հռոմեացիների կողմից գնահատվել է որպես դավաճանություն: Հետագայում Անտոնիոսը հայոց արքային է համարել իր բոլոր  դժբախտությունների պատճառը: Պաշտոնական Հռոմը որդեգրել է այդ մեղադրանքը:
 Ք.ա. 36 թ. աշնանը հսկայական կորուստներով հռոմեական բանակը նահանջեց դեպի Հայաստան:Անընդհատ հարձակումներով պարթևներն ուժասպառ արեցին հակառակորդին: Նահանջի 27-րդ օրը հռոմեացիները վերջապես հասան Արաքսին: Պլուտարքոսն այսպես է նկարագրումգետանցումը. «Երբ հռոմեացիները, բարեհաջող հասնելով գետի հանդիպակաց ափը, ոտքդրեցին հայկական հողի վրա… համբուրում էին քարերն ու ավազը և իրար գրկելով`ուրախությունից լաց էին լինում»: Հռոմեացիների ընդհանուր կորուստը կազմում էր 44 հազար զինվոր: Քիչ չէր նաև պարթևների կորուստը:
 Արտավազդ II-ը պատշաճ ու հոգատար վերաբերմունք ցույց տվեց պարտվածներին: Առատպարենավորումն ու վիրավորների խնամքը փրկեցին շատերի կյանքը: Թեև Անտոնիոսըցանկանում էր վրեժխնդիր լինել Արտավազդից, սակայն պահն անպատեհ էր, և նա շտապեցբանակը դուրս բերել Հայաստանից ու մեկնել Եգիպտոս իր կնոջ` թագուհի Կլեոպատրայի մոտ:
 Հռոմի Ծերակույտին ուղարկված պաշտոնական զեկուցագրում Անտոնիոսն իրապաշնորհությունն ու մեղքը թաքցնելու նպատակով ռազմական վիթխարի ծախսերն ումարդկային ահռելի կորուստները բացատրում էր իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ:Խորհելով, թե ինչ ճանապարհներով կարող է մարել հսկայական ծախսերը, որ պատճառվել էրգանձարանին, և ինչպես կարող էր, թեկուզ դույզն-ինչ վերականգնել վարկաբեկված հեղինակությունը, Անտոնիոսը ծրագրում է գրավել և կողոպտել Հայաստանը:
 Դիմելով խորամանկության` նախ փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Անտոնիոսը հայոց արքային հրավիրում է Ալեքսանդրիա` իբր պարթևների դեմ հաջորդ տարի ձեռնարկելիք արշավանքի ծրագիրը քննարկելու: Արտավազդը մերժում է այդ հրավերը: Այնժամ Անտոնիոսը հատուկ խնամախոսներ է ուղարկում Արտաշատ` Արտավազդին հրավիրելով Ալեքսանդրիա`հայոց արքայադստեր և իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:Մերժում ստանալով` Անտոնիոսը 60-հազարանոց բանակով Ք.ա. 34 թ. ամռանն արշավում էՀայաստան և ուղղվում դեպի Արտաշատ:
 Ցանկանալով երկիրը զերծ պահել ավերածություններից ու զոհերից` Արտավազդ II-ը որոշում էբանակցել հռոմեական եռապետի հետ: Անշուշտ, դա ազնիվ, ինքնազոհ, սակայն միամիտ քայլ էր:Բանակցությունների ընթացքում Արտավազդն իր ընտանիքի հետ ձեnբակալվում է, ապաշղթայակապ ուղարկվում է Ալեքսանդրիա: Անտոնիոսի այս տմարդի քայլը դատապարտել ենանգամ իրենք` հռոմեացիները: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսն Արտավազդին «խաբելով,ձերբակալելով ու շղթայելով մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Տակիտոսն Անտոնիոսի այդ քայլը համարում է «անպատիվ արարք», իսկ Պլուտարքոսը`«ուխտադրուժ»: Հայաստանը հռչակելով իր անչափահաս որդու` Ալեքսանդրի թագավորությունև այստեղ թողնելով հռոմեական կայազոր` Անտոնիոսը, նախապես թալանելով արքունի գանձերը,հսկայական ավարով ու գերիներով վերադառնում է Եգիպտոս: Հայոց թագաժառանգ Արտաշեսը հանդուգն հարձակմամբ փորձում է ազատել գերի արքային ու իր հարազատներին, սակայնապարդյուն: Պարտություն կրելով` Արտաշեսը ապավինում է պարթևներին և ապաստան գտնումնրանց մոտ:
 Ալեքսանդրիայում Անտոնիոսը կազմակերպում է հաղթահանդես, որի ընթացքում հայոց արքան ուիր ընտանիքի անդամները ոսկե շղթաներով շղթայված անցնում են քաղաքի փողոցներով:Հռոմեացի զորավարը նրանց հորդորում է ներում հայցել, խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան ու թագուհին և իրենց զավակները անցնում ենհպարտ ու արժանապատիվ: Ժամանակակից հույն պատմիչը գրում է. «Նրանք ցույց տվեցինիրենց ոգու արիությունը»: Հայերի այդ կեցվածքը մեծ տպավորություն է թողնում, իսկ զայրացածԿլեոպատրան, չներելով նրանց, կարգադրում է զնդան նետել:
 Եռապետերի և հատկապես Անտոնիոսի ու Օկտավիանոսի խիստ լարված հարաբերություններիհետևանքով Հռոմը ներքաշվում է հերթական քաղաքացիական պատերազմի մեջ: Կողմերի միջևվճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին Ակցիումի հրվանդանիցոչ հեռու: Այստեղ Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց և փախավ Ալեքսանդրիա: Քիչ անց`հոկտեմբերին, Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվում:Իրենք էլ` Անտոնիոսն ու Կլեոպատրան, շատ երկար չապրեցին: Գայոս Օկտավիանոսի կողմից գերվելու վտանգն ստիպեց նրանց ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:
 Արտավազդ II-ի կյանքն ու նահատակությունը, անմնացորդ հայրենանվեր գործունեությունը նրա համար ապահովել են բացառիկ պատվավոր տեղ հայոց բազմադարյան պատմության մեջ:Պատահական չէ, որ դեռևս իր կենդանության օրոք նա մեծարվել է «Աստվածային» մակդիրով:

 

Հովհաննիսյան Պ.

 

 
 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am