Արգիշտի Ա: Վանի թագավորությունՎանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում Արգիշտի Ա գահակալության տարիներին (Ք.ա. 786-764 թթ.): Նրա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ` շնորհիվ Վանի ժայռի հարավարևմտյան կողմում փորագրված «Խորխոռյան տարեգրության» և առանձին այլ արձանագրությունների:

  Արգիշտի Ա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ.) խիստ հագեցած էր արտաքին ձեռնարկումներով: Նախ նա, ռազմավարական անհրաժեշտությամբ պայմանավորված, արշավում է դեպի Դիաուխի և իր պետությանն է միավորում վերջինիս մեծ մասը, որ մետաղահանքերով հարուստ շրջան էր: Երկրորդ հարվածը հասցվում է Էթիունյան միությանը և հարևան մի քանի երկրներին, որի պատճառը նրանց ցույց տված ռազմական օգնությունն էր Դիաուխյան միությանը: Վանի տերության բանակը իր գերիշխանությունն է հաստատում այդ երկրների նկատմամբ ` արշավանքն ավարտելով Աբունի (հետագայում` Հավնունիք) երկրի սահմանների մոտ: Այնուհետև Արգիշտին հասնում է Կարսի սարահարթ, որից հետո արշավում է Զաբախա (Ջավախք)` մինչև Հզոր Սիրիմու լեռը (հետագայում` Սուրամի լեռներ): Ինչպես նշվում է տարեգրության մեջ, Արգիշտին <<այս մեծագործությունները կատարեց մեկ տարում>>:Ք.ա. 784 թվին Արգիշտի Ա հյուսիսային արշավանքները շարունակվում են: Նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը (հետագայի Աբեղեանք գավառը), գրավում Էթիունյան միության մաս կազմող Վեդուրի-Էթիունի (<<Ջրային Էթիունի>>) երկրամասը Սևանա լճիՍևանա լիճ ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ: Մեկ այլ արշավանքով ամրապնդվում են Վանի թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք` Մեծ Զաբի միջին հոսանքի շրջանում, և վերահսկողության տակ են վերցվում Ասորեստանից դեպի մերձուրմյան ավազան և Հայկական լեռնաշխարհ տանող ճանապարհները: Իր թագավորության չորրորդ տարում (Ք.ա. 783 թ.) Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք` Փոքր Ասիայի տարածք: Նա Մենուայից հետո կրկին գրավում է Մելիտեան, Խաթինիլին, Թաբալը (Աստվածաշնչում` Թոբել)` վերջինս անջատելով Մելիտեայի թագավորությունից: Արևմտյան արշավանքից արքան վերադառնում է տասնյակ հազարավոր ռազմագերիներով և այլ ավարով: Այս արշավանքով Ասորեստանի առջև փակվում են Փոքր Ասիայի` հումքի աղբյուրներ տանող ճանապարհները:

 Ք.ա. 782 թ. Վանի զորքերը նախ գրավում են Էթիունյան միության մաս կազմող Կեխունի (Գեղունի) <<ծովային գավառը>> Սևանա լճի ավազանի հյուսիսում, ապա շարունակում հաղթարշավը դեպի Ալիշտու` Աղստևի հովիտ:

  Ք.ա. 782 թ. հիմնադրվում է Էրեբունի ամրոցը (Երևան), որտեղ տեղակայվում են անդրեփրատյան Խաթի և Ծուփանի (Ծոփք) երկրներից բերված 6600 ռազմիկներ: Այնուհետև արշավանքը շարունակվում է դեպի հյուսիս-արևելք` մինչև հետագա Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի տարածքը:

 Վանի թագավորությունը պատրաստվում էր դեպի հարավ կայանալիք մեծ արշավանքի: Կանխելու նպատակով հայաստանյան զորքի հաջողությունը` Ք.ա. 781 թ. Ասորեստանը նախահարձակ է լինում: Այդ մասին վկայում են նաև ասորեստանյան սկզբնաղբյուրները: Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հակահարձակումը դեպի հարավ` Զագրոսյան լեռներով հասնելով մինչևՊարսուա (հետագայի` Պարսք) և Բաբելոնիա (բնագրում` Բաբիլու երկիր), որը ձգվում էր մինչև Պարսից ծոց: Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը երեք կողմից` հյուսիսից, արևելքից և հարավից: Ընդ որում` նա հաջորդ տարում ևս արշավում է դեպի Զագրոս` ամրապնդելու իր ձեռքբերումները:

 Այսպիսով` Ք.ա. 786-781 թթ. Արգիշտի Ա առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը, որն արևմուտքում հասել էր Փոքր Ասիա, արևելքում իր իշխանությունն էր տարածել Զագրոսյան լեռնազանգվածի հյուսիսային կեսում, իսկ հարավում` նվաճել Բաբելոնիան: Դրանից հետո ևս շարունակվեցին Արգիշտի Ա հաղթարշավները, որոնք ներկայացված են Խորխոռյան տարեգրության մեջ: Մասնավորապես այնտեղ պատմվում է Ք.ա. 779-777 թթ. Ուրմիո լճից հարավ տեղի ունեցած ռազմական բախումների մասին:

 Թագավորության ութերորդ տարում (Ք.ա. 778 թ.) տարեգրությունը պատմում է Ասորեստանի դեմ տեղի ունեցած հաղթական պատերազմի մասին: Ասորեստանյան աղբյուրներն իրենց հերթին տեղեկացնում են Ք.ա. 781-778 թթՈւրարտուի դեմ մղված պատերազմների մասին. Ասորեստանի ծրագրերը կատարյալ անհաջողության են մատնվում: Ք.ա. 779 թ. Արգիշտին մի հեռավոր արշավանք է կատարում` հասնելով Հյուսիսային ծովակի ավազան: Բազմաթիվ արշավանքներով ուղեկցվող գործուն արտաքին քաղաքականությունն Արգիշտին շարունակեց վարել նաև Ք.ա. 775-773թվականներին, որոնց ընթացքում նա լիակատար կերպով ոչնչացրեց Ասորեստանի հետ համագործակցող ուժերին` վերջնականապես իր դիրքերը հաստատելով Ուրմիո լճից հարավ տարածվող շրջաններում: Նա կատարեց մի շարք նոր արշավանքներ դեպի հյուսիս և դեպի արևմուտք: Այսպիսով` Արգիշտի Ա օրոք Բիայնիլի-Ուրարտու-Արարատ թագավորությունը հասավ աննախադեպ հաջողությունների` վերածվելովԱռաջավոր Ասիայի հզորագույն ուժի: Արգիշտին որոշում է զբաղվել նվաճված տարածքների յուրացմամբ, տերության ներքին հզորության ամրապնդմամբ: Զարկ տրվեց քաղաքաշինությանը. հիմնվեցին այնպիսի խոշոր վարչատնտեսական կենտրոններ, ինչպիսիք էին Էրեբունին և Ք.ա. 776 թ. Արարատյան դաշտում հիմնվածԱրգիշտիխինիլին: Անցկացվեցին նոր ջրանցքներ, ընդլայնվեցին մշակովի հողատարածքները. այդ միջոցառումները կոչված էին բավարարելու տերության աճող կարիքները:

Մովսիսյան Ա.

 

Գրականության ցանկ

<<ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ>>, հատոր 1, հնագույն ժամանակներից մինչև Ք. Հ. 298թ., Հովհաննիսյան Պ.,Մովսիսյան Ա., ԵՊՀ հրատ., Երևան, 2007թ., 550 էջ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՍԿԶԲԻՑ ՄԻՆՉԵՎ Ք. Հ. III ԴԱՐԻ ՎԵՐՋԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ,Չորրորդ, բարեփոխված հրատարակություն, Ժամկոչյան Հայկազ,ԵՊՀ հրատ.,Երևան,2006 թ.,356 էջ:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am